ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Կյանքում չէի ուզենա ասել. «Մաշկացավ» անտիվեպը նվիրում եմ նրանց, ովքեր ԴԵՌ ողջ են մնացել»

«Կյանքում չէի ուզենա ասել. «Մաշկացավ» անտիվեպը  նվիրում եմ նրանց, ովքեր ԴԵՌ ողջ են մնացել»
22.03.2013 | 12:33

«Իրատես de facto»-ի հյուրն է գրող, դերասան, թատերագիր, սցենարիստ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆԸ:

-Հովհաննե՛ս, մի քանի մուսայի ծառայելը ենթադրում է մեծ ծանրաբեռնվածություն, նաև` մեծ ճանաչում: Դիմանո՞ւմ եք այդ բեռին:
-Տեխնոլոգիաների զարգացմանը և ժամանակի արագացմանը զուգընթաց` մուսաները կորցրին իրենց թևերը և հիմա, լավագույն դեպքում, թրջված հավերի են նմանվում: Չգիտես ինչու` որոշեցի հոմանիշներով խոսել: Փաստորեն, ինձ համար «արվեստ» բառի հոմանիշը «մարդակերությունն» է, բայց մի տարբերությամբ. արվեստը, սովորաբար, խժռում է իր ստեղծողին: Մուսա չկա, կա աշխատանք: Ինչ վերաբերում է թատրոնի և գրականության փոխհարաբերություններին, ապա ասեմ, որ սրանք իրար հետ լավ յոլա են գնում` ի տարբերություն կինոյի: Էս «կինեմատոգրաֆ» կոչվածը ամենակասկածամիտ կնոջից խանդոտ ու ամբիցիոզ երևույթ է: Հա՛, հա՛: Հերիք չէ ստրուկի նման քեզ բանեցնում է, հետն էլ ուզում է, որ մենակ իրենով զբաղվես: Հիմա անդրադառնամ մեծ ճանաչմանը, մանավանդ` էդ բառի մասին մտածելիս, ոնց պտտվում, կոյուղուց էն կողմ չեմ գնում: ՈՒ ակնթարթորեն մեկ այլ պատկեր է աչքիս առաջ հառնում: «Տելևիզորային» էկրանի հոմանիշը, ըստ իս, «հետույքն» է: ՈՒստի, հասկանալի պատճառներով, ինձ հասանելիք տեղն այդ տաքուկ և փափուկ վայրում ես սիրով զիջում եմ նրանց, ովքեր չտեսնված ոգևորությամբ են տրվում «մի մատ մեղր դառնալու» կամ «մատնացույց արվելու» (մեզանում` «ճանաչում» բառի երկու հոմանիշները) վայելքին: Հուսամ` պարզ է, որ նմանատիպ փառքը հղի է բավականին ծանր հետևանքներով: Համենայն դեպս, եթե հետևանքներն անգամ ծանր չլինեն, միևնույն է, արվեստի իմաստով այդ հղիությունը հաստատ թունավոր է:

-Մի առիթով ասել եք, թե Ձեզ դերասան չեք համարում, բայց ես տպավորված եմ «Արցունքոտ ժպիտ» ֆիլմում Ձեր խաղացած կերպարով: Ձեր հերոսն արցունքի միջից ժպիտ է նվիրում, բայց չի գտնում հասցեատիրոջը: Միայն ֆիլմի վերջում փոքրիկ աղջնակն է հղում ուշացած «պատասխանը»: Ըստ Ձեզ` յուրաքանչյուր ժպիտ, այնուամենայնիվ, գտնո՞ւմ է իր հասցեատիրոջն ինչ-որ իրական կամ անիրական տիրույթում:
-Այո՛, ես ինձ դերասան չեմ համարում։ Սովորաբար չեմ ստում, հատկապես ինքս իմ առաջ, բայց այս հարցում, այնուամենայնիվ, մի քիչ խաղում եմ: Ես ինձ դերասան չեմ համարում այն պարզ պատճառով, որ էդ արտահայտությունը չլսեմ ուրիշի շուրթերից։ Չնայած ավելի ազնիվ լինելու համար ասեմ, որ քիչ թե շատ թատրոնը զգալով և հասկանալով ու նաև սիրելով և իմ համեստ տեղը բեմում լավ իմանալով` էս վերջերս զգում եմ, որ թատրոնի իմ տիպի ու հանդիսատեսի միջև տելևիզորային պատ է գոյացել։ Էդ պատը սարսափելի հաստություն ու գույն ունի։ Բա թատրո՞նը։ Հո՜ չի նեղացել։ Քիչ է մնում մեզ էլ, հանդիսատեսին էլ երկաթե ավելով սրբի, Սովետաշենի զիբիլանոցը լցնի։ «Թատրոնի» հոմանիշը, թատրոնի մարդու համար, իմ կարծիքով, «վիրավորանքն» է: Նա, իր զավակների՞ն ասեմ, թե՞ ծառաներին, մի խոսքով` իր հավատարիմ մարդկանց վիրավորելով է ոչնչացնում: Մի առիթով ասել եմ, որ թատրոնը վիրավորանք է, որը մեղմվում է միայն լավ ներկայացում ստեղծելու ժամանակ: Ինչ վերաբերում է ժպիտի` իր հասցեատիրոջը գտնելուն, ապա նշեմ, որ էդ Ձեր ասած ժպիտը «մեռած նամակի» է նման: Տեղ է հասնում մի վեց ամիս կամ մի տարի հետո, եթե, իհարկե, հասնում է` ի տարբերություն ռաբիս քրքջոցի, որը գնդակոծում է միանգամից: Գնդակոծածի հետքերն էլ տարիներով չեն վերականգնվում, քանի որ «ճաշակ» բառի հոմանիշը մեզանում «աքսորականն» է»: Այդ իսկ պատճառով ես սիրով եմ ընդունում ֆիլմում նկարվելու` հատկապես ուսանողների առաջարկները, ինչպես, օրինակ, «Արցունքոտ ժպիտում»: Էդ առաջարկները, ֆինանսի իմաստով, զրոյական են, բայց գոնե ներքին մի բզեզ ունեն, որը տզտզալով սկսում է քեզ անհանգստացնել:

-Ձեր «Փախչող քաղաքը» կոչել եք վիրտուալ կինովիպակ: «Հարաբերականության տեսությունից հետո մարդկության ամենամեծ հայտնագործությունը վիրտուալ իրականությունն է»,- գրում եք Դուք: ՈՒրեմն` ի՞նչ. մեր քաղաքի փախուստը վիրտուա՞լ է, թե՞ իրական, վավերական:
-«Փախչող քաղաքի» մասին շատ եմ խոսել, խոսել եմ փախչող տեքստով ու նույնպիսի զգացողություններով: Ախր քաղաքն ու ես շատ ենք նման. երկուսիս ներսն էլ արճճով է լցված: Իմ ներսում բառերն են բլթբլթում, Երևանի ներսում` երևանցիների հակասական արտանետումները: Հա՛, չմոռանամ ասել, որ էդ արտանետումները քարից են... Դրա համար, մեր քաղաքում ապրելով, միշտ երկու քարի արանքում ենք հայտնվում։ Ավելին` Երևանը, ըստ իս, ամենաարճճային քաղաքն է. էնքան հակասություն, որ էս մի ափ հողի վրա կա, չկա նույնիսկ, որտե՞ղ ասեմ... Համեմատություն էլ չկա... Դրա համար էլ մեր անկրկնելի քաղաքամայրը տեղը տիտիկ չի անում։ ՈՒ նրա փախուստը և՛ վիրտուալ է, և՛ իրական, իսկ առավել շատ` վավերական է։

-«Օրանժի» սահմանած մրցանակին արժանացած «Մաշկացավ» վիպակն անվանում են անտիվեպ: Սա Ձե՞ր, թե՞ գրաքննադատների բնորոշումն է:
-Քննադատների բնորոշումները, որպես կանոն, չեմ կրկնում: Առհասարակ, կանոն չեմ սիրում, առավելապես սիրում եմ քանոնը, որ իմ ուզած կամ նախընտրած ուղղություններով գծեր քաշեմ։ «Մաշկացավը» շատ երկար գծեցի։ Աննկարագրելի դաժան բան է քո իսկ քաշած գծի վրայով քայլելը։ Բայց ի՞նչ արած... Մի խոսքով` «Մաշկացավի» գծագրության ընթացքում հասկացա, որ երեք մասից է լինելու, երեքն էլ իրարից ահավոր տարբեր են լինելու ու երեքն էլ կտրելու են իրենց և դասական վեպի մեջ եղած գիծը։
-«Երևանն ուր փախչում, վերջը Ծիծեռնակաբերդ է հասնում»,- կարդում ենք «Փախչող քաղաքում»: Իսկ «Մաշկացավն» անսպասելիորեն ավարտում եք բարի, ջերմ, քնարական մի նամակով, որը համակված է անսահման սիրով առ մարդն ու կարծես ողջ վիպակի ընթացքում ընթերցողի գիտակցությունն ու զգացմուքները կեղեքած պատումի հետ օրգանական առնչություն չունի: Կարելի՞ է ենթադրել, որ Դուք կյանքի, աշխարհի խելահեղ վայրիվերումների մեջ հավատում եք հաստատուն հանգրվանի, կայուն վերջնակետի գոյությանը` թեկուզ և ոչ շատ ապահով ու լուսավոր:
-«Փախչող քաղաքի» դեպքում կինովիպակի կոնկրետ հերոսի համար էր վերջում Ծիծեռնակաբերդ հասնելը մտածված: Երբ «Մաշկացավի» կիսատ մնացած տեքստը, չշարունակվելով, ինձ հոշոտում էր, իսկ էդ ժամանակ «Փախչող քաղաքն» արդեն տպագրվել էր, ընկերներիցս մեկն ասաց. «Հա՛, «Փախչող քաղաքը» շատ հեշտ, ուրախ է կարդացվում` ի տարբերություն «Մաշկացավի», որը հենց սկզբում, փշալարե ոտքերով ութոտնուկի նման, բռնում է քեզ: Բայց «Փախչողը» կարդալուց հետո չես ուզում ապրել, իսկ «Մաշկացավը» վերջում հո՜ դուխ չի տալիս»: «Մաշկացավ» անտիվեպը նվիրում եմ իմ բոլոր հարազատներին (ոչ միայն` արյունակիցներին), ովքեր ողջ են մնացել։ Էդ գիրքը գրելու ընթացքում շատ կորուստներ ունեցա: Դժվար բան է մարդ թաղելը, բայց առավել սարսափելի է, երբ նախկին հարազատդ` թաղված-թաղված, աչքիդ առաջ գնում-գալիս է: Ես շատ կուզեի բառարաններից քերել «դեռ» բառը: Էդ «դեռի» մեջ զարհուրելի բան կա։ «Դեռը» լավը չի կարող լինել: ՈՒստի կյանքում չէի ուզենա ասել. «Մաշկացավ» անտիվեպը նվիրում եմ նրանց, ովքեր ԴԵՌ ողջ են մնացել։
-«Սիֆիլիս» պատմվածքում հանդես եք գալիս Ձեր իսկական անունով. հեռուստասերիալները խարանելիս անգամ գեղարվեստական գործերո՞ւմ եք ջնջում պայմանականության սահմանները:
-Ոչ միայն «Սիֆիլիս» պատմվածքում եմ հանդես գալիս իմ իսկական անունով: Առհասարակ գործի մեջ սիրում եմ իմ ինտոնացիայով խոսել: Ձայնը հստակ ուրիշինն է. օրինակ` կոնկրետ այդ պատմվածքում Էրիկն իրական Էրիկն է, Նանան` Նանան է, բայց ինտոնացիոն ելևէջները (լավ բառ է, չէ՞, մեջը «էջ» կա) իմն են։ Հաճախ նույնիսկ հերոսների անունները չեմ փոխում, եթե իհարկե, այն մարդը, ում մասին գրում եմ, համազգային սուգ ու շիվան չի բարձրացնում: Իմ լեզուն հաճախ թունոտ է, բայց մի արդարացում, այնուամենայնիվ, ունեմ. իմ ստեղծագործություններում մերկացվողն ու խարազանվողն առավելապես ես եմ: Էս ամեն ինչը իմ հակասական բնությունից է գալիս, մի խոսքով` ես մարդ եմ, ով իր հակասությունների ձեռքը կրակն է ընկել, ով կարող է միաժամանակ լինել արտակարգ կիրթ ու անտանելի գռեհիկ, չտեսնված նուրբ ու գրոհային, կատաղի, բառիս «հռոմեական իմաստով» քաջ ու խաթաբալա (ի՜նչ լավ ածական էր) վախկոտ: Միակ բանը, որ իմ բնության մեջ անհերքելի է, ազնվությունն է, որը էն` քարի պնդությամբ զսպանակի նման, մեջս նստած է: Դրա պատճառն էլ գիտեմ. ես շատ եմ վախենում «հոգևոր վթարից», պատահար, որից հետո այլևս դու դու չես ու քանի որ ծախվել ես, այլևս չես կարող գրել այն, ինչ ուզում ես: Այսինքն` սա մի վթար է, որը քեզ դարձնում է տեղական-տելևիզորային: Իսկ նման վթարի ամենամոտ ճանապարհն իշխանության գիրկը տանող շահն է։
-Մի հարցազրուցում ասել եք, թե Ձեզ համարում եք «վավերաԳրող»: Այսօրվա երևանյան իրադարձությունների վավերագրումն արդեն ուրվագծվո՞ւմ է Ձեր մտահղացումներում:
-Բնականաբար։ Նույն ինքը` «Մաշկացավ» անտիվեպը մեր երկրում առկա հանցավոր վարչակարգի դեմ իմ ցավի նոպան է։


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ